«Սեպտեմբերի 14-17-ին Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական տարածքներում ծրագրվում է անցկացնել միջազգային երիտասարդական գիտաժողով:
Հայաստանի սպորտի և երիտասարդության նախարարության կողմից կազմակերպվող այդ միջոցառման նպատակն է իբր քննարկել «անջատողական ռեժիմի միջազգային ճանաչման հիմնախնդիրներն ու հեռանկարները»: Նման միջոցառումներին, ըստ սովորության, հիմնականում մասնակցում են Հայաստանի քաղաքացիները և արտասահմանյան երկրների մի քանի քաղաքացիներ, որոնք ունեն հայկական ծագում: Նման միջոցառումների հիմնական նպատակը քաղաքական պրովոկացիա իրականացնելն է»:
Ինչպես հաղորդում է Аrmenia.Az-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
Նա նշել է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն այդ խորհրդաժողովին հրավիրված արտասահմանցիներին կոչ է անում չենթարկվել Հայաստանի սադրանքներին, պաշտոնական Երևանի ձեռքին չվերածվել քարոզչական գործիքի, ապօրինի այց չկատարել Ադրբեջանի օկուպացված տարածքներ:
Հիքմեթ Հաջիևը նշել է, որ երիտասարդության և սպորտի նախարարությունը միջազգային երիտասարդական կազմակերպություններին նախազգուշացրել է Հայաստանի հերթական սադրանքի մասին: